Աղջոց վանք, Աղջոց Ս. Ստեփանոս վանք, ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին: Ըստ ավանդության` հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում: Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս. գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Գլխ.` Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը 1212–17-ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ:

Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից): Արմ. կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ. մասի պատերը): Ս.Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին` խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ. պատին կից սենյակներով:

XIII դ. Աղջոց վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ: Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում են պահվել ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դ. կեսը` մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել:

Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Ս. Ստեփանոս եկեղեցու արմ. մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով` ընտրյալները: Հվ. պատին քանդակված է կանգնած Դանիելը` առյուծների գբում, ներքևում` պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ` աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները` բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով: Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արմ. մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների` մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են: Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է` աջ ձեռքը բարձրացրած, ձախում` բանալիներ, իսկ ձախ կողմում` Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդական ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ): Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտարապետական ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման` պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:

42319591

44767611

92176913

s01135235

s03686612

s03909689

s29078757

s30546737

s49147834

s60078553

s96888867

s97753292