Աղոթք առ Միածին Որդին

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով
պղծվածներս եւ ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած
Քահանայապե՛տդ Հիսուս: Ո՜վ Դու, որ մեզ համար
մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք
Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ
ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես
ամենայն սրտի սրբարար կերակուր: Մատռվակի՛ր Քո Արյան
անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության
մարդկանց որդիների: Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս
Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող: Կարոտեցինք շնորհի,
սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քավի՛ր, խարխափում ենք
խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավություն,
Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն: Քեզ են սպասում Քո շնորհներին
ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո
Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո
Արյամբ գնված Քո հոտը: Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր
տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր
խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր
հոգնությունը Քո օթեւաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ
խոստացար: Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ
այդտեղ Հոր եւ Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Սուրբ Ներսես Լամբրոնացի