Աղանդները խախտում են մարդու կրոնի և տեղեկատվության ազատության իրավունքները

 Դժվար թե գտնվի մի մարդ, ում գոնե մեկ անգամ փողոցում չեն կանգնեցրել ու չեն հարցրել. «Ապագայից ի՞նչ սպասելիքներ ունեք»: Եթե արդեն սովորական դարձած չլիներ աղանդավորների` այս «անմեղ» հարցով մարդկանց թույլ տեղը գտնելու ու որսալու փորձերը, ապա նրանց հարցերն առաջին հայացքից սոցիոլոգիական հարցման տպավորություն կարող էին թողել: Մեր երկրում աղանդների սնկի պես աճելու միտումը ցույց է տալիս հոգևոր ու սոցիալական վակուումը, որն առկա է հասարակության մեջ: Շատ քաղաքացիներ, իրենց կամքից անկախ, կուլ են տալիս աղանդավորների խայծը` այս կերպ գտնելով իրենց առաջնային պահանջմունքների բավարարման այլընտրանքային ձևեր:
Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող փոքրիկ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 կրոնական կազմակերպություն, ըստ տարբեր տվյալների` գործում են չգրանցված 75-100 կրոնական կառույցներ: Ընդ որում, այդ կառույցների մի զգալի հատվածն անհատի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոտալիտար աղանդներն են, որոնք օգտագործում են հոգեբանական ներգործության ուժեղ մեխանիզմներ և թվաքանակով ամենաշատ հետևորդներն ունեն Հայաստանում (Եհովայի վկաներ, «Կյանքի խոսք», Ավետարանչականեր, մորմոններ): Այս աղանդները սկսում են մարդկանց հավաքագրել` համոզելով, որ մարդու մինչ այս ապրած կյանքն անիմաստ է եղել, որ պետությունն ու հասարակությունը մարդուն ոչինչ չեն տալիս, իսկ իրենք գիտեն, թե ինչ է պետք անհատին, ինչպես դառնալ «ընտրյալ» փոքրամասնության մասնիկ, ինչպես փրկվել աշխարհի մոտալուտ կործանումից: Ընդ որում, շատ լավ օգտագործվում է փոքրամասնություն լինելու, ճշմարտությունը տարածելու համար հասարակության կողմից «քարկոծվելու» գաղափարը:
Որսալով հատկապես հոգեբանական խոր սթրես ապրող ու դժբախտության միջով անցած, միայնակ, կյանքում լուրջ ձեռքբերումներ չունեցած մարդկանց` նրանց միանգամից շրջապատում են «հոգատարությամբ», խիստ «սրտացավ» վերաբերմունքով, ստիպում հրաժարվել նախկին սոցիալական կապերից: Անհատը, ընկնելով աղանդի ազդեցության տակ, հետզհետե կորցնում է առողջ դատելու, վերլուծելու և տրամաբանելու կարողությունը: Դրա հնարավորությունն էլ չկա. նոր աղանդավոր դարձած անձը մշտապես շրջապատված է «փորձ ունեցող» աղանդավորներով, անընդհատ զբաղված է աղանդավորական գրականության տարածմամբ, նոր անդամների հավաքագրմամբ, երկարաշունչ աղոթքների, տարատեսակ մեդիտացիաների ու աղանդավորական ծիսակարգերի մասնակցությամբ: Իսկ եթե հանկարծ նոր անդամը ինչ-որ հարցում սկսում է կասկածել, այդ «խիստ սրտացավ բարեկամներն» այնպիսի խստությամբ են արձագանքում, որ մարդը պատրաստ է հրաժարվել իր կասկածներից, միայն թե չկորցնի իր նկատմամբ բարեհաճ վերաբերմունքը: Այլ կերպ ասած, ազդելով մարդկանց հույզերի ու զգացմունքների վրա` օգտագործում են մարդկանց ոչ կայուն հոգեկան վիճակը կամ մարդկանց հասցնելով հոգեբանական խոր ցնցումների` կառավարում են նրանց գիտակցությունը:
Բնականաբար, հիմնական մեխանիզմն Աստվածաշնչի վերամեկնաբանված և աղավաղված ընթերցումներն են. մասնավորապես` Եհովայի վկաները ներկայանում են որպես քրիտոնեության ճյուղ այն պարագայում, երբ Քրիստոսին համարում են ոչ թե Աստված, այլ մարդ, իրական քրիստոնյաներին անվանուն են Աստծուն դավաճանածներ: Մորմոնները կամ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու քարոզիչներն իրենց գիրքն անվանում են «Քրիստոսի մեկ այլ ավետարան», որը ոչ մի կապ չունի Աստվածաշնչի հետ:
Նման աղանդներում առաջնահերթ պաշտամունքի առարկան աղանդի առաջնորդն է, որի խոսքերն ու գործերն անքննելի են: Այսպիսով, հայտնվելով այսպիսի տոտալիտար աղանդի մեջ` մարդ կորցնում է իր սոցիալական անհատականությունը. տեղի է ունենում ինքնության վերաիմաստավորում` հիմնված աղանդավորական շարժումից ուժեղ կախվածության վրա: Հիմնականում աղանդավորները փորձում են «ճշմարիտ» եկեղեցի բերել նաև իրենց հարազատներին, հակառակ դեպքում ամուսնալուծության հավանականությունը մեծանում է, իսկ երիտասարդ աղանդավորականները կարող են անտեր թողնել իրենց ծնողներին: Շատ աղանդներ պահանջում են նաև այսպես ասած նվիրատվություններ անել. որոշ անդամներ անգամ վաճառում են իրենց ունեցվածքն ու ֆինանսական միջոցները նվիրում կրոնական համայնքին («Կյանքի խոսքն» իր անդամներից տասանորդ է հավաքում): Այսպիսով, որոշ աղանդներ ոչ այլ ինչ են, եթե ոչ բիզնես նախագծեր: Տոտալիտար աղանդավորների հետևորդները փաստացիորեն դադարում են մեր պետության քաղաքացի լինելուց. զրկված են իրենց քաղաքական իրավունքները կամավոր իրացնելու հնարավորությունից, օտարված են հասարակությունից, չի խրախուսվում աղանդավոր երիտասարդների բանակում ծառայելը, սահման պաշտպանելը, զենք վերցնելը: Հենց այդ պատճառով 2004-ին ԵԽ-ի պահանջով Հայաստանում կիրառության մեջ մտավ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Այժմ շատ աղանդավորներ հրաժարվում են ծառայել նույնիսկ այս օրենքի շրջանակներում, քանի որ ծառայությունը զինվորական վերահսկողության տակ է: Այլ կերպ ասած` նրանք պահանջում են, որ պետությունը սեփական ձեռքով նոր անդամներ հավաքագրելու համար լսարան ապահովի:
Եթե ոչ այսօր, ապա վաղը նման աղանդների ակտիվ գործունեությունն ու ընդլայնումը իրապես լուրջ խնդիր է դառնալու ազգային անվտանգության համար:
Երբ Հայաստանում քննարկումներ էին ծավալվում այս կրոնական կառույցներն օրենքի դաշտ բերելու մասին, փաստարկ էր բերվում, որ այս կառույցներն օրենքի դաշտ բերելով` ավելի հեշտ կլինի վերահսկել դրանց գործունեությունը: Սակայն իրականում նրանց գործունեությունը որևէ կերպ չվերահսկվեց: Հայաստանում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի 2010 թ. զեկույցում նշվում է, որ կառավարությունը գրանցվելու դիմում ներկայացրած որևէ կրոնական խմբի գրանցումը չի մերժել: Սա նշանակում է, որ ցանկացած դիմող կազմակերպություն գրանցվում է` առանց նրա գործունեության մասին լուրջ ուսումնասիրությունների: Այս շարժումները գործում են խղճի ու կրոնական ազատությունների և մարդու իրավունքների (այդ թվում տեղեկատվությունն ազատորեն ստանալու ու տարածելու իրավունքի) իրացման անվան տակ: Սակայն մի՞թե քաղաքացին իսկապես ինքնակամ է յուրացնում այս աղանդների գաղափարախոսությունը, արդյոք չի՞ խախտվում մարդու հենց տեղեկատվության և կրոնական ազատության իրավունքը, երբ նրան ներքաշում են աղանդի մեջ հոգեբանական ազդեցության նման մեխանիզմներով, խաբելով:
Որոշ ժամանակ առաջ, երբ ի վերջո մի փոքր խստացվեց կրոնական օրենսդրությունը, ընդունվեց օրենք «հոգեորսության» մասին, որոշ վերահսկողական մեխանիզմներ ավելացվեցին (ինչի համար քննադատության արժանացան Վենետիկի Հանձնաժողովի կողմից), այդ կրոնական կազմակերպությունները միանգամից բողոք բարձրացրին Հայ առաքելական եկեղեցու հետ իրենց ոչ հավասար դիրքերի համար. պահանջում են իրենց կրոնական գաղափարները տարածելու հավասար իրավունքներ տալ: Միջազգային կառույցներն էլ կշտամբանքով կամ այսպես ասած խանդով են գրում Հայ Առաքելական եկեղեցու ու պետության առանձնահատուկ հարաբերությունների, բնակչության մեծամասնության ՀԱԵ հետևորդ լինելու կամ համակրանք տածելու մասին (բազմազանության խնդիր են դնում` անկախ իրավիճակից): Եվրոպական կառույցները մեզանից պահանջում են ապահովել բոլոր կրոնական կառույցների գործունեության հավասարությունը Հայաստանում, չնայած այդ նույն եվրոպական երկրներում, օրինակ` Ֆրանսիայում ու Գերմանիայում, արգելված է Եհովայի վկաներ աղանդի գործունեությունը: Ավելին` աղանդների մի զգալի մասը Հայաստան է թափանցում հենց Եվրոպայից:
Մոտ երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ հայկական գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ նորանշանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ «կրոնական ազատությունը շատ կարևոր է, բայց այն ոչ մի դեպքում չպետք է սպառնա պետական անվտանգությանը»: Խոստացավ կրկին անդրադառնալ կրոնական սահմանափակումների խնդրին և առաջարկները դնել հանրային քննարկման: Այնպես որ շուտով նորից կրոնական հարցերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկումները կակտիվանան: Հուսանք, որ հաշվի կառնեն նաև մեծամասնության շահերը: