Աղանդավորները կուլիսների հետևում զբաղվում են բիզնեսով

 Աղանդավորների` Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել է դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ատոմակայանի կառուցման ժամանակ, բայց աթեիստական գաղափարախոսության ջատագով Խորհրդային Միությունը նման բան թույլ տալ չէր կարող։ Սակայն 1988թ. երկրաշարժից հետո, սասանված հիմքերով ԽՍՀՄ-ն այլևս ի զորու չէր կանխել Եհովայի վկաների մուտքը Հայաստան։ Երկրաշարժից հետո 300 կրթված անձանց տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նրանք վեց ամիս սերտել են Եհովայի վկաների վարդապետությունը, ապա, Հայաստան վերադառնալով, սկսել զբաղվել հոգեորսությամբ:
Իրենց շարքերում յուրաքանչյուր նոր անդամի ներգրավման դիմաց նրանք ԱՄՆ-ից ստացել են 50 դոլար։ Այս քաղաքականությունը շարունակվել է մինչև 1998թ., իսկ այդ ընթացքում ՀՀ–ում Եհովայի վկաների թիվը հասել է 22.000-ի, հետևաբար, եթե նկատի ունենանք, որ տեղի Եհովայի վկաներին դրսի ֆինանսավորողները յուրաքանչյուր նոր անդամի համար վճարել են 50$. ապա 22.000 անդամի համար այստեղի ներկայացուցչին վճարված ընղհանուր գումարը կազմել է 1.100.000 $:
Սակայն 1998թ. ԱՄՆ-ից ստացվող ֆինանսավորումը դադարեցվել է, և փոխարենը եհովականներից են սկսել, այսպես կոչված, տասանորդներ հավաքել: Եթե ընդունենք, որ միջին աշխատավարձը 100 $ է, որից որպես տասանորդ պահվել է 10 $, ապա 22.000 անդամից գանձված տասանորդը ընդհանուր հաշվով կազմել է 220.000 $: Սակայն պետք է հիշել, որ այդ տասանորդները մուծվում են տարեկան 12 անգամ։ Եթե ամսական եկամուտը կազմում է 220.000 $, ապա տարեկան՝ 2.640.000 $: Ստացվում է, որ տասը տարում՝ 1988–1998թթ. ՀՀ-ում Եհովայի վկաների կողմից ներդրված 1.100.000 դոլարը միայն մեկ տարում կրկնապատիկ ավելի վերադարձվել է:
Սակայն դա չի նշանակում, թե աղանդավորները սահմանափակվում են տասանորդի գանձմամբ, քանի որ նրանց եկամուտներն իրականում բավական մեծ են և ստացվում են դրսի տարբեր կազմակերպություններից:
Ավետարանչական եկեղեցին, այսպես կոչված, բարեգործական ծանրոցներ է բերում Հայաստան, որոնք չեն հարկվում, իսկ մեկ միլիոն արժեքը գերազանցելու դեպքում նրանք հարակից բեռներ բերելու իրավունք են ստանում։ Իսկ որպես հարակից բեռներ ձևակերպում են, օրինակ, ավտոմեքենաները՝ պատճառաբանելով, թե այդ բեռները բաժանելու համար հարակից տեխնիկա է հարկավոր, և այդ նպատակով, կրկին առանց մաքսազերծման, բերվում են մեքենաներ, բենզին։ Այս դեպքում նրանք կարող են բերել օրինակ 3-4 «ջիպ» մակնիշի ավտոմեքենա, որոնց մաքսազերծման համար պետբյուջե պետք էր մուծել 15.000 դոլար, որը, սակայն, չի մուծվում։ Ակցիայի ավարտից հետո մեքենաները վաճառվում են, բայց ոչ թե էժան գներով, այլ մաքսազերծման գինը ներառյալ։ Ակնհայտ է, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ բիզնես։ Բացի դրանից, այդ բարեգործություն կոչվածի ընթացքում Ավետարանչական եկեղեցին զբաղվում է մարդորսությամբ։ Երեխան սկսում է մտածել, որ Ավետարանչական եկեղեցին իրեն կոշիկի տուփով մի քանի ղոլարանոց նվեր է տվել, իսկ հայ Առաքելական եկեղեցին չի տվել։
ՀՀ-ում գործող աղանդներից միայն Եհովայի վկաներն ու ավետարանչականները չեն, որ ստանում են խոշոր շահույթներ, դրանցից բոլորովին հետ չեն մնում մյուս աղանդները, այղ թվում՝ «Կյանքի խոսքը», որը հոգեբանական ազդեցություն զործադրելով` զբաղվում է դրամաշորթությամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Նրանց ժողովները կոչվում են Աստծուն ծառայություն, որի ժամանակ մարդկանց ռոք երաժշտության միջոցով հոգեբանական անկայուն վիճակների են հասցնում, և այլևս էական չէ՝ այղ ծանր ռոքի տակ Հիսուս են գոչում, թե այլ բան։ Ռոքի առաջացրած հոգեբանական հետևանքները մարդկությանն արդեն իսկ հայտնի են: Եթե նման իրավիճակում գտնվող մարդը ժամանակին չդիմի հոգեբանի օգնությանը, հետագայում արդեն նա ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի կարիք կունենա։ Ազդեցության տակ գտնվողները չեն էլ գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, ուստի եզակի դեպքերում են նրանք դիմում մասնագետի։ Աղանդավորների ազդեցության տակ առավելապես հայտնվում են դեռահասներն ու ծերերը, ովքեր առաջին դեպքում հոգեբանորեն ձևավորված չեն, երկրորդ դեպքում առավել խոցելի են։ Գործի են դրվում բազմաթիվ միջոցներ, որոնցից մեկը սոցիալապես խոցելի խմբերին անվճար ուղեգրերի տրամադրումն է, առավելապես հանգստյան տներ և երիտասարդական ճամբարներ, որտեղ էլ, բնականաբար, եռանդուն քարոզչություն է կատարվում նոր «մոլորյալներ» ներգրավելու համար: Դրա հետևանքը այն տխուր պատկերն է, որի ականատեսն ենք այսօր գրեթե ամեն քայլափոխի:
Մինչ քարոզն սկսելը նրանց ղեկավարը, որը հմուտ հոգեբան է, ասում է, թե իրենք հավաքվել են Աստծո փառքի համար, Աստծուն ծառայելու համար: Իրենք մի դահլիճում են, որը վարձակալել են, լույսի վարձ պետք է մուծեն, վարձակալած կամ գնած բարձրախոսն ու մնացած տեխնիկան գումարներ արժեն, իսկ քանի որ այս ամենը Աստծո փառքի համար է, ապա յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է բերի: «Կյանքի խոսքի» առաջնորդներն ասում են, թե այդ ամենը հավատացյալների համար է արված, և քանի որ Աստված օրհնել է իրենց, և նրանք ունեն աշխատանք, ամսական որոշակի եկամուտ՝ իրենց ընտանիքը պահելու համար, ապա պետք է վճարեն Աստծո գործի համար, հակառակ դեպքում կնշանակի՝ Աստծուց են գողանում: Իսկ հավատացյալ մարդր, ով իսկապես Հիսուսին հավատում է, անչափ կվախենա, երբ իրեն ասեն, թե ինքն Աստծուց գողանում է:
Հաշվի առնելով զուտ մարդկային հոգեբանական հատկանիշները՝ դժվար է լինում խմբից զատվել և գումար չդնել «Կյանքի խոսքի» հավաքներում դրա համար նախատեսված դույլերի մեջ, քանի որ նախորդ գումար հատկացնողը հետևում է, թե հաջորդը նույնը կանի, թե ոչ։
Ամեն անգամ հավաքվում է մի քանի հազար մարդ, և բոլորն իրենց գրպանի պարունակության առնվազն կեսը տալիս են «Կյանքի խոսքին», որն ամսական կրկնվում է չորս անգամ:
Դրամաշորթության հաջորդ տարբերակով նրանք ասում են.«Դու ունես տուն և անկախ նրանից՝ դա վարձով է թե քո սեփականն է, դու ունես տանիք, որը Աստված է քեզ տվել, և դու դրսում չես քնում: Հետևաբար, Աստված քո տունն է կառուցել, դու էլ պիտի Աստծո տունը կառուցես»:
Իսկ Աստծո տունը կառուցվող 5.000 տեղանոց սրահն է, որ մարզահամերգային համալիրից հետո իր մեծությամբ երկրորդը կլինի Երևանում։ Բացի ամսական տրվող «տասանորդից», այդ դահլիճի և անընդհատ կազմակերպվող նմանատիպ միջոցառումների համար գումար է հատկացվում, որն աղանդավորի աշխատավարձի առնվազն կեսն է կազմում: «Կյանքի խոսքի» անդամներից ոչ մեկը չի բողոքում այղ գումարահավաքի դեմ, քանի որ հոգեբանական ազդեցությունն արդեն իսկ իր գործն արել է, բացի այդ, այս աղանդն աշխատում է հարուստ մարդկանց հետ, որոնցից ստացած շահույթն ավելի մեծ է։
2004 թվականի աշնանը, երբ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում, հայ հասարակության լայն շերտեր՝ ուսանողներ, մտավորականներ, պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և հազարավոր հավատացյալներ, արդարացիորեն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին։ Կատարվածը տեղիք տվեց նաև հասարակական լայն քննարկումների: Հասարակությունը, ավելի իրազեկ դառնալով աղանդավորական շարժումների քայքայիչ և հոգեվնաս գործունեությանը, շահագրգիռ բոլոր կողմերից` թե պետությունից և թե եկեղեցուց, պահանջեց համապատասխան քայլեր ձեռնարկել վերջ տալու համար աղանդավորական շարժումների ագրեսիվ գործունեությանը։
Դեպքերի զարգացման նախնական փուլում ստեղծվեց բավական բարդ իրավիճակ։ Սկսեցին հնչել տեսակետներ, թե իբր Հայաստանը գտնվում է հոգևոր փնտրտուքի մեջ։ Հայտնվեցին մարդիկ, ովքեր աղանդավորական կառույցների մուտքին զուգահեռ` հասարկության մեջ սկսեցին տարածել Հայոց եկեղեցին վարկաբեկող ստահոդ, խիստ վտանգավոր կարծիքներ, ինչպես օրինակ, թե իբր Գրիգոր Լուսավորիչը հոգեորսով է զբաղվել և կամ հայ եկեղեցու հոգևորականները թշնամություն են քարոզում։ Ինչ վերաբերում է հոգեորսության դեմ պայքարի օրինական ձևերին, պետք է փաստել, որ ավելի քան 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող երկրի օրենքը հոգեորսության մասին հստակ չէ, ինչից էլ աղանդավորները հեշտությամբ ն մեծ վարպետությամբ օգտվում են։
Առաջարկներ
1. Անհրաժեշտ է լուրջ փոխություններ և հստակեցումներ մտցնել հոգեորսության մասին օրենքում.
2. Ակտիվացնել եկեղեցի-պետություն համագործակցությունը՝ ապահովելու համար ՀՀ քաղաքացիների հոգևոր անվտանգությունը, մասնավորապես, երկրում Հայոց եկեղեցուն արտոնություններ տրամադրելով, հասարակության մեջ Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը բարձրացնելով.
3. Օրենքի ուժով դադարեցնել ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը, պահանջել հասցված վնացի հատուցում։