Ախթալայի Ս. Աստվածածին վանքի պատմությունը (նկարներ)

Ախթալայի Ս. Աստվածածին վանք, Հ.Հ. Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա: Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ.` Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում: Ախթալայի ս. Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հսյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխավոր մուտքը հյուսիսից է: Այն թաղակապ ձգված սրահ է, որից արևելք բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը:

XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան: Ախթալայի ս. Աստվածածին վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն: Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած` Օրբելյանների «Աստվածընկալ Սուրբ Խաչը», որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին

Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ախթալայի ս. Աստվածածին վանքում` իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն. «Վախճանեցաւ եւ Իւանէ, եղբայր Զաքարէի, եւ թաղեցաւ ի Պղնձահանքն, ի դուռն եկեղեցւոյն, զոր շինեաց ինքն, առեալ ի հայոց՝ վրացի վանս հաստատեաց» (Կ. Գանձակեցի «Պատմութիւն Հայոց» ԺԷ): 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը:

Պատմիչի հույժ կարևոր տողերից տեղեկանում ենք առ այն, որ վանական համալիրն ի սկզբանե Առաքելական է հաստատվել և, թեև այսօր քաղկեդոնական է հորջորջվում, բայց, ըստ էության, խոնարված Առաքելական Վանք է հանդիսանում:

Ախթալայի ս. Աստվածածին վանքի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արևելքում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են: Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետ համատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա: Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արլ. ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով: Ս. Աստվածածին եկեղեցուն արլևելքից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հյուսիս-արևմտյան կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ.)` արևելյան ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով: Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արևելյան պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը: 1976–78-ին Ախթալայի ս. Աստվածածին վանքը մասնակի վերանորոգվել է: Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հյուսիս-արևմտյան մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձր արվեստ որմնանկարներով (XIII դ.): Խորանի գմբեթարդին Աստվածածինն է` գահին նստած, նրանից ցած` «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում` երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին ևն): Հյուսիսային պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հարավ-արևմտյան կողմը նվիրված է ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները: Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը:

Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկական մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»-ի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն): Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին: Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ Ախթալայի ս. Աստվածածին վանքի որմնանկարները կատարել են քաղկեդոնական հայ նկարիչներ:

35085395

37182266

46732973

48731655

49339698

50644703

60121530

63477104

64705458

67936292

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան