Ալեքսանդրյան դպրոց

Աղէքսանդրիայի գերիշխող նշանակութիւնը քրիստոնէութեան մտաւոր զարգացման ասպարիզում ըմբռնելու համար, պէտք է ի նկատի ունենալ որ այդ փառահեղ, բազմամարդ, արևելքն ու արևմուտքը միացնող քաղաքում Աղէքսանդր Մեծի ժամանակներից սկսած կատարուել էր յունական և արևելեան առանձնայատկութիւնների ու քաղաքակրթութեան խառնուրդը, որ այդտեղ գլխաւորապէս իւր ծաղկման շրջանն էր ունեցել հրէական հելլենականութիւնը:
Փիլոնը քրիստոնէական աստուածաբանութիւնն է նախապատրաստում, հրէական գիտութիւնն ու կրօնը միացնելով յունական աշխարհայեացքի հետ: Հերետիկոսական գնոստիկականութիւնը այստեղ բարեյաջող հող գտաւ սկզբում, բայց ստիպուած եղաւ տեղի տալ եկեղեցական գնոստիկականութեան առաջ: Եւ այստեղ ամենից առաջ զարգացաւ մեզ արդէն ծանօթ քրիստոնէութեան յունական ըմբռնումը ջատագովների կողմից: Այս կրօնի փիլիսոփայութեան հետ համարեա միաժամանակ հանդէս եկաւ և նրա հետ սերտ յարաբերութեան մէջ էր հեթանոսութեան վերանորոգուելու վերջին ուժեղ փորձը՝ Նոր-Պղատոնականութիւնը, որի հիմնադիրն է համարւում Ամոնիոս Սակկասը († 241), բայց որը իւր վերջնական զարգացումն է ընդունել Պլոտինի միջոցով:
Պէտք է կարծել, որ հեթանոսական, հրէական և գնոստիկական դպրոցների նմանութեամբ է հանդէս եկել Աղէքսանդրիայի քրիստոնէական ուսուցման կամ կատեխետների դպրոցը: Սկզբում թերևս փիլիսոփայական կրթութիւն ստացած հեթանոսներին քրիստոնէութեան հետ ծանօթացնելու համար, ուրեմն քարոզչական նպատակներով հիմնուած, այս դպրոցը հետզհետէ կանոնաւոր շրջանների բաժանուած դասընթացքի կերպարանք է ընդունում, ուր նաև ուսուցման որոշ եղանակ է մէջ տեղ գալիս, որոնց միջոցով աշակերտները պիտի ըմբռնէին քրիստոնէական
միստերիաները: Ընդհանուր և պատրաստական դասախօսութիւններին մասնակցելու իրաւունք ունէին նաև հեթանոսները, իսկ բարձրագոյն գիտութեան մէջ վարժեցնող դասախօսութիւնները միայն քրիստոնեայ աշակերտների համար էին: Այս դպրոցը բնականաբար դարձաւ քրիստոնէութեան համար ուսուցիչներ պատրաստող դպրոց, այն ինչ նրա գլխին կանգնած մարդիկ քրիստոնէութեան ամենանշանաւոր գիտնականների շարքն անցան:
Ա. Աղէքսանդրիայի դպրոցի առաջին մեզ յայտնի ուսուցիչը Պանտենոսն է, թէև 180 թուից առաջ էլ, երբ Պանտենոսն հանդէս է գալիս (Եւս. Ե. 10), դպրոցը վաղուց գոյութիւն ունէր: Սա արդէն, շնորհիւ հերետիկոսների ու յոյն փիլիսոփաների հետ ունեցած հաղորդակցութեան, կարիք էր զգացել վարդապետութիւնն ու նրա ճշմարտութեան ապացոյցները գիտական հետախուզութեան ենթարկել. և Օրիգենէսը յունական գիտութեամբ զբաղուելիս նրան է օրինակ բերում (Եւս. Զ. 19):
Ստոյիկեան փիլիսոփայութիւնից, էկլեկտիքական պլատոնականութեան միջոցով քրիստոնեայ դարձած՝ »Այդ սիկիլիական մեղուն, մարգարէների ու առաքեալների մարգագետիններից ծաղիկներ ծծելով, ստեղծում էր գնոզիսի (գիտութեան) մի ճշմարիտ գործադրութիւն ունկնդիրների հոգիների մէջ« (Կղեմէս): Այդպիսով նա եղաւ Կղեմէսի ամենայարգելի ուսուցիչը: Եւսեբիոսը վկայում է, որ նա գրուածքներ է ունեցել (Ե. 10), բայց դա միայն թիւրիմացութիւն է, որովհետև Կղեմէսի ցուցման համաձայն նա ոչինչ չի գրել: Բայց շատ մեծ էր նրա ազդեցութիւնն իբրև ուսուցչի, որովհետև խօսքին էլ գործն էր հետևում:
Առաքեալների նման նա մի ժամանակ քարոզչութեամբ էր զբաղուած Արաբիայում: Պանտենոսը մեռել է հաւանօրէն 200 թուականի մօտերը:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ