Գողթն գավառի (այժմ` Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում: Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արմևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը I դ. հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305-ին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838-ը` եպիսկոպոսանիստ: Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են XIV դարից: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը որպես կրոնոական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել XVII դ.` վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ: Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–33-ին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634–1636-ին` եկեղեցու նոր շենքը: 1668-ին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով: Վանքի եկեղեցին 1679-ի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694-ին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել` սրբատաշ բազալտով ևկարմրավուն ֆելզիտով` ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով: Արմ. Ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները: Արմմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825-ին, ամբողջովին վերակառուցվել 1831-ին և 1904-ին: Համանման սրահներ XVII դ. կառուցվել են հյուսիսային մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել: Եկեղեցու ներսը XVII դ. վերջին զարդարել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը: Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք` կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, բեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին` ս. Ստեփանոս Նախավկան: Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով: Եկեղեցու գլխավոր`արևմտյան մուտքի ճակատակալ քարին «ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է: Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը` խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը: Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում` Աստվածածնին, աջում` Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում` արեգակ ու լուսին: Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համարգունազարդել է նաև քանդակը: Եկեղեցու հս. մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հվ.մուտքին` Պետրոս առաքյալը` դրախտի բանալիները ձեռքին: Արևմտյան մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում XIV–XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր: Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի` 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է: Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.` Հակոբ րաբունապետի ջանքերով: 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447-ին` մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին` Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա` Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները: XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին` Մուստաֆա խանի հրոսակները: Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի Ճաշոցը՚ 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին): Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում:1867-ին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում բացվել է արական դպրոց` «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան: Դպրոցի համար վանքում հարավ-արևմտյան շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ: Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն` ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաբանություն, գծագրություն ևն: Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքում պահվել են` 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած` Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար` հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ` ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս: 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին,կողոպտել Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել:

s97778877

s70594576

s51819125

s44951163

s38620118