ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Քրիստոնեական ընտանիքում գլխավորը սիրո առկայությունն է թե՛ Աստծո և թե՛ միմյանց նկատմամբ։ Ըստ Աստծո հրամանի. «Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդ. Ա 28), մարդիկ այսօր էլ ամուսնանում են և ընտանիք կազմում, սակայն, ցավոք սրտի, միշտ չէ, որ կազմված ընտանիքներն իրոք քրիստոնեական են։ Անառարկելի փաստ է, որ հասարակության մեջ այդքան հաճախակի դարձած ամուսնալուծությունների, ընտանեկան բռնության և նմանօրինակ այլ երևույթների պատճառը սիրո բացակայությունն է:
Սերը ոչ միայն ընտանիքի, այլև առհասարակ քրիստոնյայի կյանքի առանցքն է: Մեզ համար չկա երջանկություն, եթե չկա հաղորդակցություն Աստծո հետ, իսկ Աստծո հետ հաղորդակցությունը սիրո միջոցով է, այն սիրո, որ Նա տածում է մեր նկատմամբ, ու մեր անկեղծ և անշահախնդիր սիրո՝ Աստծո նկատմամբ:
Թվում է՝ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ընտանիքը կամ ամուսնությունը: Իհա՛րկե, կապ ունի: Պողոս առաքյալը, ամուսնական հարաբերությունների մասին խոսելիս, ասում է. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ» (Եփ. Ե 32): Սա պետք է հասկանալ այն իմաստով, որ տղամարդու և կնոջ սերը, որն ընտանիքի հիմքն է, պատկերն է և նմանությունը աստվածային սիրո, ինչպես որ ինքը՝ մարդը, պատկերն ու նմանությունն է Աստծո: Ինչպես Աստված սիրում է մարդկությունը, սիրում է՝ իր կյանքը մեզ տալու աստիճան, այնպես էլ պետք է սիրի ամուսինը իր կնոջը, կինն էլ՝ իր ամուսնուն: Պետք չէ այստեղ սերը շփոթել սիրահարության հետ. խոսքը սիրահարության մասին չէ, այլ սիրո՝ գիտակցված, վստահության և պատասխանատվության զգացումով ամրացած:
Քրիստոնեական ընտանիքը Եկեղեցու մանրակերտն է, և միևնույն սերը, որ կա Եկեղեցում, որով գործում է Եկեղեցին, պետք է լինի նաև ընտանիքում:

Պատրաստեց Սպարտակ սրկ. Իսրայելյանը