Ս. Սուքիասյանց քահանաներ (Ա-Բ դդ.)

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա: Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները: Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:
Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը (ինչպես այս տարի) կամ Սուքիասյանց տոնի հետ միասին: