«Ներողություն, իսկ իր տղան Ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ Ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից: Այդկե՞րպ են իրենք «պայծառատես» դառնում: Սա անբարոյականություն է, ոչ թե պայծառատեսություն»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի հայտարարությունը, ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Հիշեցնենք, որ երեկ «6-րդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի դարձած պայծառատես Անի Գրիգորյանը Life.Panorama.am կայքին հարցազրույց տալիս, պատասխանելով այն հարցին, որ հաղորդումը շատ է քննադատվել հոգևորականների կողմից, բայց նրանց կարծիքը, կարծես թե, անտեսվել է, բառացիորեն ասել էր. «Կոնկրետ ես բացարձակ իրենց կարծիքը չեմ անտեսում: Այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ, բա Աստվածաշունչը նման բան թո՞ւյլ է տալիս: Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում, իսկ Աստվածաշունչը ասում է՝ հեռու մնացեք նման բաներից: Այսօր շրջանառվում է այն կարծիքը, որի համաձայն օրենք են ուզում ընդունեն, որ համասեռամոլները եկեղեցում մկրտվեն, իսկ այդ դեպքում ո՞ւր են այդ հոգևորականները: Ամեն մարդ թող իր աչքի գերանը տեսնի»:

Մեր այն դիտարկմանը, թե եկեղեցին չի՞ կարող արգելք հանդիսանալ, որպեսզի նման հաղորդումներ չցուցադրվեն ու նման մարդիկ չգովազդվեն, Հայր Սուրբը   նկատեց. «Ինձ կարո՞ղ եք ասել, թե եկեղեցին ինչ ուժ ունի, որ ազդի «ATV» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս նման անբարո հաղորդումներ չկազմակերպի: Ժողովրդին ուսուցողական հաղորդումներ ներկայացնելու փոխարեն իրենց՝ ողբերգություն հիշեցնող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումով մարդկանց դեպի անբարոյականություն են առաջնորդում: Այդ հեռուստաալիքով լսեցինք այնպիսի բաներ, որոնք Հայաստանում երբեք չէինք լսել: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ հոգևորականներս նրանց դեմ, երբ դրանք մասնավոր սեփականություններ են և «ռեյտինգ» ապահովելու համար ամեն մի հնարավորության պատրաստ են»:

Աղբյուր՝ www.aysor.am

Նելլի Մարգարյան