ՀՈՒՅՍ

  Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունի հույսը: Ամեն ոք կյանքում ինչ-որ բանի նկատմամբ հույս է տածում՝ անկախ տարիքից, կրոնական պատկանելությունից և ազգությունից: Երբ տխրության, նեղությունների մեջ ենք լինում, հույսն է մեզ դուրս հանում այդ վիճակից: Առանց հույսի մարդն ուղղակի չի կարող ապրել: Ինչպես ասում է Լեոնարդո դա Վինչին. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»: Եվ կարծես թե հույսը դառնում է այն շարժիչ ուժը, որը մարդուն դրդում է գործելու, առաջ շարժվելու, նպատակին հասնելու: Իսկ ի՞նչ է հույսը, ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել: Հույսն այն դրական ապրումն է, սպասումը մի բանի, որ պետք է լինի ապագայում: Շատերն ապրում են կյանքը՝ հույսը դնելով երկրային բաների վրա՝ չմտածելով ապագայի մասին: Քրիստոնեության մեջ հույսը բացի շարժիչ ուժ լինելուց, մարդուն տալիս է փրկության ճանապարհ: Աստված ուղարկեց իր Միածին Որդուն աշխարհ, որպեսզի մարդկանց մեղքերից ազատի և հավիտենական կյանքի հույս տա: Մենք հույս ենք ունենում հավիտենական կյանքի, հարության՝ հավատալով Աստծուն, Հիսուս Քրիստոսի հարությանը: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում նշում է. «Մնում են հավատ, հույս, սեր, սրանք երեքը»: Հույսը հավատի և սիրո հետ մի երրորդություն է կազմում: Եթե մարդը կարող է փրկվել՝ ընդունելով Սուրբ Երրորդության երեք անձերը, ապա հույսը, հավատը և սերը փրկության տանող բանալիներն են: Եվ իզուր չէ որ այս երեքը համարվում են աստվածային առաքինություններ:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 8-րդ համարից

Պատրաստեց Շավարշ ուրկ. Այվազյանը