ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ

 Քրիստոսի մասին առաջին կենսագրական նյութերը մենք քաղում ենք Ավետարաններից, որոնց գլխավոր նպատակը Քրիստոսի պատմական կերպարի վերհանումը չէ, այլ Հիսուսին` որպես Մեսիա նկարագրելը, որն, ինքնին, մի քարոզ է Քրիստոսի մասին: Սակայն այս փաստը չի հակասում այն բանին, որ Ավետարաններում առկա է նաև պատմական Քրիստոս: ԺԹ դարից սկսած շատ գիտնականներ փորձում էին վերականգնել Քրիստոսի պատմական կերպարը: Այս գործընթացի համար որպես սկզբնաղբյուր են ծառայում ոչ միայն Ավետարանները, այլ նաև Հիսուս Քրիստոսի ժամանակակից ոչ քրիստոնյա պատմիչների վկայությունները:
Այսպես, Ա դարի հրեա պատմիչ Հովսեփոս Փլաբիոսը Քրիստոսին ներկայացնում է որպես Երուսաղեմում շրջող օրենքի ուսուցչի: Հովսեփոսի նմանատիպ մոտեցումը Քրիստոսի անձի շուրջ բնական էր, քանի որ, լինելով հրեա և ունենալով փարիսեցիական դաստիարակություն, Քրիստոսի քարոզչության մեջ նա տեսնում էր ռաբինիստական ուսուցման գծեր: Իսկ Ա դարի հռոմեացի պատմիչ Տակիտոսը, խոսելով Հռոմում քրիստոնյաների «սանձարձակությունների», Ներոնի և քրիստոնյաների փոխադարձ ատելության մասին, Քրիստոսի մասին վկայում է, որ նա եղել է առաջին դարի հրեա գործիչ, որին հետևում էին «քրիստոնյա կոչվածները»: Քրիստոսին` որպես հրեա գործչի նկարագրելը բնական էր, քանի որ Ա-Բ դարերի հռոմեացիները տարբերություն չէին դնում քրիստոնյաների և հրեաների միջև: Բ դարի սկզբի Բյութանիայի կուսակալ Պլինիոս Կրտսերը իր` Տրայանոս կայսերն ուղղված նամակում հարցնում էր, թե արդյո՞ք պետք է պատժի բոլոր քրիստոնյաներին, որոնք խոստովանում են հրեա Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին, թե՞ բացառություններ անի: Մարա բար Սերապիոն ասորի պատմիչը Քրիստոսին պատմական կերպար է ներկայացնում՝ հավասար դասելով Պյութագորասի և Սոկրատեսի հետ՝ ասելով, որ ինչպես վերոհիշյալ հեղինակները, այնպես էլ Քրիստոս հավերժ ապրում է իր աշակերտների միջոցով, որոնք պահպանում են իրենց ուսուցչի ավանդությունը: Հրեական օրենքի մեկնության ժողովածուներում, որոնք կոչվում են Թալմուդ, Հիսուս ներկայացված է որպես հրեա ազգի թշնամի: Դա հատկապես երևում է դժոխքում Նրա չարչարանքների նկարագրությունից, որտեղ Հիսուս դասվում է և՛ դավաճանների, և՛ աղանդապետների և՛ հերետիկոսների շարքը:
Բոլոր այս վկայությունները փաստում են, որ Քրիստոսի պատմական կերպարը ներկայացված է ոչ միայն Ավետարաններում, այլ նաև մի շարք պատմական սկզբնաղբյուրներում, որոնք մեծակշիռ հակափաստարկ են այն թյուր տեսությանը, թե Հիսուս Քրիստոս քրիստոնյաների կողմից ստեղծված առասպել է:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից Պատրաստեց 

Պատրաստեց Իշխան դպիր Քամալյանը