Մի օր առավոտյան զանգահարեց մեր հայերից մեկը (Ինչու եմ ասում հայերից, որովհետև Կորդոբայի ժողովուրդը նույնպես շատ է սիրում մեր եկեղեցական – ազգային ավանդությունները, և ինձ հաճախ են հրավիրում տարբեր արիթներով): Ուրենմն զանգահարեց և ասաց, որ իր մորաքույրը հիվանդանոցում, վերակենդանացման բաժնում է, անգիտակից է, փրկություն չկա: Մարդը խնդրում էր, որ գնայի, վերջին հաղորդությունը տայի մեռնողին: Հարազատների ուղեկցությամբ գնացի հիվանդանոց, մտա սենյակ, ամեն ինչից պարզ երևում էր, որ կնոջը փրկություն չկա:
Խոստովանությունը կարդացի, Հաղորդության փոքրիկ փշրանք դրեցի բերանի մեջ, հազիվ ասացի «Սա եղիցի քեզ ի քավութիւն եւ ի թողութիւն մեղաց» , երբ սրտի աշխատանքը ցույց տվող մեքենան գրանցեց սրտի կանգ առնելը: Կինը մահացել էր: Եկան բժիշկները, զննեցին և մահ արձանագրեցին: Կնոջ հարազատները, ես նույնպես, ապշած իրար էինք նայում, զարմացած այդ հրաշքի համար: Կինը սպասել էր, մինչև որ Տիրոջը վերջին անգամ իր մեջ ընդուներ և հետո նոր ավանդեր հոգին: Սա ներկաների համար մեկ անգամ ևս վկայություն եղավ, թե ինչքան մեծ է Հաղորդության Խորհրդի ուժը: Փառք Աստծուն:

ԵՐԵՄԻԱ ՔԱՀԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արգենտինա, Կորդոբա

Հատված՝ Հրաչ Բեգլարյանի՝ «Զարմանալի պատմություններ» գրքից