«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ» — ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

 Համաձայն տարածված կարծիքի՝ ինքնասպանությունն աններելի մեղք է համարվում: Սակայն մենք կառանձնացնենք ինքնասպանության երկու տեսակ, որոնցից մեկն առաջնորդում է մահվան, իսկ մյուսը՝ փրկության: Խոսելով առաջին պարագայի մասին՝ մենք կարող ենք բազում հայտնի օրինակներ բերել, որոնցից ամենից ակնհայտը Հուդայի օրինակն է: Թեև Պետրոս Առաքյալը ևս ուրացավ Տիրոջը, սակայն նրա զղջումն արտասուքի և ապաշխարության առիթ եղավ, մինչդեռ Հուդայի զղջումը դարձավ հուսահատության պատճառ և ինքնասպանության շարժառիթ: Այս արարքի մասին մի քանի տեսակետ գոյություն ունի: Համաձայն մեկի՝ դրանով նա ցույց տվեց իր ամբարտավանությունը, քանի որ իր մեղքը Տիրոջ ողորմությունից զորեղ համարեց: Մյուս տեսակետի համաձայն՝ նա փորձում էր Քրիստոսին ստիպել պայքարել և վերացնել իր թշնամիներին և երբ տեսավ, որ Հիսուս միևնույն է չի պայքարում, հուսահատվեց՝ կարծելով, որ ամեն ինչ վերջացավ, և ինքն այլևս չի կարող Քրիստոսի հետ թագավորել, քանի որ Քրիստոս հստակորեն քայլում էր դեպի խաչի մահը: Ինքնասպանության այս տեսակը զուրկ է սիրո որևէ մասնիկից:

  Մինչդեռ մեծագույն սերն, ըստ մեր Տիրոջ Ավետարանի, այն է, երբ մեկն իր կյանքը տալիս է ուրիշի համար (Հովհ. ԺԵ 13): Ահավասիկ և «ինքնասպանության» մյուս տեսակը, որն ավելի հաճախ կոչում ենք անձնազոհություն, և որը փրկության առիթ է հանդիսանում:

  Երբ խոսում ենք անձնազոհության մասին, առաջին և մեծագույն օրինակը, որ արթնանում է մեր մտքում, Տեր Հիսուս Քրիստոսի օրինակն է, որ Իր Աստվածային բարձրությունից խոնարհվեց, մարդացավ և հանուն այդ մարդու գիտակցաբար քայլեց դեպի մահ, որով նաև օրինակ տվեց մեզ, ինչպես նշում է Սուրբ Հովհաննես Ավետարանիչը. «Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. Գ 16):

 Սակայն, բացի Տիրոջ օրինակից, մենք կյանքում անձնազոհության շատ օրինակներ ունենք: Այսպես մեզ համար անձնազոհության փայլուն օրինակներ են սուրբ մարտիրոսները, որոնք իրենց կյանքն էին զոհում հանուն Աստծու սիրո՝ Նրան չուրանալով ոչ մի պարագայում: Իրենց զոհաբերությամբ սուրբ մարտիրոսները դարձան «Եկեղեցու սերմերը»: Կատարյալ սիրո մեկ այլ դրսևորում է հանուն հայրենիքի կատարված ինքնազոհաբերումը: Այսպիսի օրինակները երբևէ չեն պակասում հայերիս կյանքից: Մինչ օրս էլ մեր հայորդիներն իրենց երիտասարդ ու ծաղկուն կյանքը պատարագում են հայրենիքի և ազգի անվտանգ ու լուսավոր ապագայի զոհասեղանին թե՛ մարտի դաշտում նահատակությամբ, թե՛ հասարակական կյանքում անձնվեր և անշահախնդիր ծառայությամբ: Այսպիսի մարդիկ մշտապես հերոսացվել են ու սրբության պսակի արժանացել: Հենց անձնազոհ և ինքնամոռաց սիրո համար էր, որ 2015 թ.-ի ապրիլի 23-ին Հայոց եկեղեցու կողմից սրբադասվեցին Հայոց Մեծ Եղեռնի ընթացքում հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակության պսակ ընդունած այն հայորդիները, որոնք օրինակ և բարեխոս դարձան բարոյալքման, ազգուրացության և անտարբեր ինքնահավանության մեր դարում:

  Այսպիսով, անձնազոհության գլխավոր հատկանիշը սերն է, կատարյալ սերն Աստծո, Հայրենիքի, ազգի, ընկերոջ և կամ անծանոթ մեկի նկատմամբ: Այս առաքինությունը մերժում և վերացնում է վարակիչ ու հոգեսպան անտարբերությունը, որը երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրեպետի բնորոշմամբ ութերորդ մահացու մեղքն է, որից թող ազատի ու հեռու պահի մեզ բոլորիս Ամենակարող Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր բոլոր սրբերի բարեխոսությամբ:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 5-րդ համարից

Պատրաստեց Վլադիմիր սրկ. Գևորգյանը