Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)

IMG 8541 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ի ծնե հաշմանդամություն ունեցող և մանկական ուղեղային կաթվածով տառապող աշտարակաբնակ Դավիթ և Հասմիկ Խաչատրյաններին: Անհրաժեշտ բժշկական աջակցություն ստանալու նպատակով Կանադա մեկնելուց առաջ երեխաները եկել էին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Վեհափառ Հոր հանձնարարականի համաձայն` պատանիների բուժումը կազմակերպվել է Արագածոտնի ու Կանադայի հայոց թեմերի համատեղ պայմանավորվածությամբ և աջակցությամբ:

Վերջիններիս ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնի հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը, կենտրոնի տնօրեն Կարինե Գրիգորյանն ու երեխաների մայրը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը բերելով Դավիթին և Հասմիկին, գոհունակության և գնահատանքի խոսք փոխանցեց երկու թեմերի առաջնորդներին` հավելելով, որ աստվածահաճո կարևոր ձեռնարկում է իրականացվում, որպեսզի երկու հայորդիները կարողանան վերագտնել իրենց առողջությունը և լծվել սեփական իղձերի կենսագործմանը:

 Վեհափառ Հայրապետը մաղթեց երեխաներին, որ զորեղ հավատքով և լավատեսությամբ մեկնեն բուժման և առողջությունը վերագտած վերադառնան իրենց օջախ:

Գարեգին Բ Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ Աստծո ողորմությամբ և մարդասեր հանրության օժանդակության շնորհիվ նմանատիպ միջոցառումներ ապագայում նույնպես կիրականացվեն, որպեսզի նրանք, ովքեր հավելյալ բժշկական խնամատարության կարիք ունեն, կարողանան արժանանալ պատշաճ հոգածության:

Վերջում Նորին Սրբությունը բժշկության աղոթք ասաց պատանիների համար և վերջիններիս տերունական խաչ ընծայելով` բարի ապաքինում ցանկացավ նրանց:

IMG 8461 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)IMG 8472 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)IMG 8500 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)IMG 8523 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)IMG 8534 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)IMG 8541 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ հաշմանդամություն ունեցող պատանիների հետ (նկարներ)