ԱՇԽԱՐՀԻ ԾԱԳՈՒՄԸ

 Բոլորիս քաջ հայտնի է աշխարհի արարման սուրբգրային պատումը, թե ինչպես Աստված վեց օրերի ընթացքում ստեղծեց ողջ երկինքն ու երկիրը: Միաժամանակ, բոլորս էլ լսել ենք կամ գիտենք գիտական այնպիսի տեսություններ, ըստ որոնց, աշխարհի գոյացումը եղել է սուրբգրային պատկերացումից բավականին տարբեր: Այսպիսի տեսությունների առաջ գալուն մեծապես նպաստեց ֆիզիկական տիեզերագիտության (physical cosmology), աստղագիտության (astronomy) և աստղաֆիզիկայի (astrophysics) ոլորտներում զգալի առաջընթացը, որն էլ հնարավորություն տվեց նոր մոտեցումների և տեսությունների առաջացման: Պատահական չէ, որ արդի ժամանակաշրջանը համարվում է «տիեզերագիտության ոսկեդար»: Վերջին շրջանում հատկապես մեծ աղմուկ հանած տեսություններից էր այսպես կոչված «Մեծ պայթյունի» (Big bang) տեսությունը: Այստեղ ծագում է մի հարց. արդյո՞ք այս տեսությունները եկան հերքելու Աստվածաշնչի ճշմարտությունը, թե՞ կարելի է համադրել այդ տվյալները կամ էլ որդեգրել այնպիսի մոտեցում, ըստ որի, չհերքելով հանդերձ գիտական տեսակետների ճշմարտացիության հնարավորությունը, կարելի լինի ընդունել Սուրբ Գրքի ճշմարտացիությունը: Աստվածաշունչ և գիտություն երկխոսության մեջ կան մի քանի հիմնական մոտեցումներ, որոնցից այստեղ կառանձնացնենք երկուսը՝

ա. Աստվածաշունչն ու գիտությունն իրար չեն հակասում, և կարելի է համադրել դրանց տված տեղեկությունները,

բ. Աստվածաշունչն ու գիտությունը լիովին տարբեր են, որոնցից առաջինն ունի իր ուրույն նպատակը, իսկ երկրորդը՝ իրենը:
Առաջին մոտեցման վառ օրինակներից է հենց վերոհիշյալ Պայթյունի տեսության և Ծննդոցի պատկերների համադրումը: Երկուսի համաձայն էլ աշխարհը սկիզբ է առնում ինչ-որ կետում, այսինքն՝ ունի հստակ և որոշակի սկիզբ, և այդ սկզբնավորումը տեղի է ունենում լույսի արտամղումով (եղիցի՛ լույս): Արդի գիտությունը պնդում է, որ մարդն սկզբնավորվել է կենտրոնական Աֆրիկայում, ինչը նորից նշանակում է, որ մարդը ծագել է մի կետից (Ադամ): Սակայն, պետք է հաշվի առնել, որ միշտ չէ, որ հնարավոր է համադրել գիտության և Աստվածաշնչի տվյալները: Օրինակ՝ Սուրբ Գրքում հանդիպում ենք արևի՝ երկիր մոլորակի շուրջ պտտվելու պատկերին, որը բնականաբար հակասում է գիտական մոտեցմանը: Այս տեսակետից ավելի օգտակար է երկրորդ մոտեցումը, քանի որ, ըստ դրա, բնական է, որ Աստվածաշնչի տեղեկությունները չհամապատասխանեն մերօրյա գիտության տվյալներին: Գիտությունը նպատակ ունի և փորձում է պատասխանել այլ հարցերի, իսկ Սուրբ Գիրքը՝ այլ: Աշխարհի առաջացման համար գիտության հարցադրումն է՝ երբ և ինչպես, մինչդեռ Աստվածաշունչը պատասխանում է ով և ինչու հարցերին: Սուրբ Գիրքը խոսում է աստվածաբանության լեզվով և ցույց է տալիս արարչության նպատակը, իսկ գիտությունը փորձում է գիտական մեթոդներով վերհանել աշխարհի գոյացման եղանակը: Սուրբ Գիրքը հիմնված է իր ժամանակվա մարդու գիտելիքների վրա և դրանց միջոցով իր որոշակի պատգամն է փոխանցում՝ անշուշտ աստվածաբանության լեզվով:
Ամփոփելով` ասենք, որ Սուրբ Գիրքը բնավ նպատակ չունի մեզ բնագիտական տեղեկություններ հաղորդելու. այդ գործը պատկանում է գիտության ոլորտին: Չնայած սրան, այս հանգամանքը դեռ չի նշանակում, որ աստվածաշնչյան պատումներում լիովին բացակայում են գիտական տվյալները: Գիտության պարագայում էլ պետք է նշել, որ այն որոշակի սահմաններ ունի և չի կարող դուրս գալ իր գործառույթներից՝ փորձելով պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանը վեր է իր ուսումնասիրության բնագավառից: Այսպիսով, կարելի է կողք կողքի դնել կամ համադրել գիտությունն ու Աստվածաշունչը` առանց շփոթելու դրանց նպատակներն ու գործառույթները:

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 3-րդ համարից
Պատրաստեց Հարություն սրկ. Տեր-Ասատրյանը